Կայա Կալասը դատապարտում է ԱՄՆ-ի կողմից Պուտինին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին հրավիրելը․ «Գիտեմ, թե ինչու է Պուտինը գնում․ նա ուզում է ցույց տալ, որ աշխարհի առաջնորդները հարգում են իրեն»

16:47, 25.09.2026
Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը դատապարտում է ԱՄՆ իշխանությունների կողմից դեկտեմբերին Պուտինին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին հրավիրելը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերին Մայամիում G20 գագաթնաժողովին Պուտինին հրավիրելը նշանակում է, որ Ռուսաստանի ղեկավարը Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր կմասնակցի առաջին կարևոր արևմտյան դիվանագիտական գագաթնաժողովին։
«Ինչ վերաբերում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին Պուտինի այցին, ես գիտեմ, թե ինչու է Պուտինը գնում։ Նա ուզում է աշխարհին ցույց տալ, որ աշխարհի առաջնորդները հարգում են իրեն։ Սակայն ինչո՞ւ են մյուսներն ուզում նրա ներկայությունը այնտեղ։ Ինչո՞ւ է դա ուզում Ամերիկան։ ԱՄՆ-ում վերջին մի քանի օրերին Ռուսաստանի հետախուզության սպաներ են ձերբակալվել ամերիկացիների սպանության համար։ Այդ սպաները գործում էին Վլադիմիր Պուտինի հանձնարարականով», – հայտարարել է Կալասը։
Կալասի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ոչ թե ավարտել պատերազմը, այլ էսկալացիայի ենթարկել այն։
«Պուտինը ցույց չի տվել, որ խաղաղություն է ցանկանում․ ընդհակառակը՝ հուլիսը և օգոստոսը ամենամահաբեր ամիսներն էին ուկրաինացի խաղաղ բնակչության համար ամբողջ տարվա ընթացքում, այս ողջ պատերազմի ընթացքում։ Նրանք հարձակվում են խաղաղ բնակչության վրա, որովհետև չեն կարողանում մարտի դաշտում որևէ առաջընթաց գրանցել», – հայտարարել է Կալասը։
Ի գիտություն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրված է ԱՄՆ-ում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին։

Նմանատիպ