Կախա Կալաձեն դիմեց երիտասարդներին՝ հույսը դրեք մեր աջակցության վրա, հենց ազատ, կրթված, զարգացմանը միտված երիտասարդությունն է ստեղծում երկրի ապագան
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու, մայրաքաղաքի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացրել երիտասարդների հետ և հանդես եկել ողջույնի խոսքով։
Կախա Կալաձեն շնորհակալություն է հայտնել երիտասարդներին Թբիլիսիի համար կարևոր նախագծերին ակտիվ մասնակցության համար և խոստացել է ապագայում ևս աջակցել նրանց նախաձեռնություններին։
«Շատ մեծ պատիվ է, որ արդեն երրորդ անգամ հանդես եմ գալիս որպես քաղաքապետի թեկնածու։ Միևնույն ժամանակ, դա ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է։ Լիովին գիտակցում եմ՝ ինչ է նշանակում լինել քաղաքի քաղաքապետ և ընդհանրապես՝ որքան մեծ բեռ է լինել քաղաքի ղեկավար։ 2017 թվականից մինչ օրս մենք բազմաթիվ լավ գործեր ենք արել մեր քաղաքի համար, և ինձ բոլորովին չի վախեցնում, որ երրորդ անգամ էլ մասնակցեմ ընտրարշավին։ Չեմ վախենում, քանի որ առաջին հերթին ունեմ ձեր աջակցությունն ու համերաշխությունը։ Ես մեծապես գնահատում եմ ձեր յուրաքանչյուրսի դերը։ Դուք եք մեր երկրի ապագան։ Ունեցեք մեր աջակցության հույսը, քանի որ հենց ազատ, կրթված, զարգացմանն ուղղված երիտասարդներն են ձևավորում այս երկրի ապագան», – դիմեց Կախա Կալաձեն երիտասարդներին։
Թբիլիսիի քաղաքապետը նաև շեշտել է երկրի անկախության կարևորությունը և նշել, որ ազատությունը պետք է ամրապնդել ամեն օր։
«Վրացական երազանքը» միշտ առաջնորդվել է և առաջնորդվելու է, առաջին հերթին, մեր երկրի, Վրաստանի, վրացական պետության շահերով, և մենք ոչ մեկին թույլ չենք տա, որ մատի սպառնալիքով մեզ հետ խոսի։ Մեր նախորդ սերունդները պայքարով ու արյունով նվաճել են ամենաթանկը՝ անկախությունը, ազատությունը։ Հպարտ եմ, որ իմ երկիրը անկախ և ինքնիշխան է, որը ամեն օր կարիք ունի ամրապնդման ու պայքարի։ Դա մի պայքար է, որում պետք է լինենք անդիմադրելի, սկզբունքային, որպեսզի ոչ ոք՝ մեծ քաղաքական խաղացողներից, հնարավորություն չունենա օգտագործել մեր երկիրը ի շահ իրեն։ Մենք կարողանում ենք լինել ընկերներ, գործընկերներ, կառուցել հարաբերություններ, բայց դա պետք է լինի փոխադարձ և ոչ մի դեպքում երկրի շահերի հաշվին։ Այս ամենում ձեր՝ երիտասարդների դերը հատկապես կարևոր է, քանի որ մեր երկիրը դեռ կանգնած է մեծ մարտահրավերների առաջ», – նշել է մայրաքաղաքի քաղաքապետը։
Կախա Կալաձեն հայտարարեց, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսին անպայման կհաղթի, և քաղաքի զարգացումը կդառնա անհետադարձ։
«Մենք՝ մունիցիպալիտետը, սկսեցինք բազմաթիվ կարևոր նախագծեր, իրականացրեցինք բազմաթիվ ծրագրեր երիտասարդների համար, բայց դրանով չենք կանգ առնում։ Ապագայում կներկայացնենք էլ ավելի հետաքրքիր գաղափարներ։ Նմանապես՝ մենք նաև ձեզանից ենք սպասում հետաքրքիր գաղափարների, տեսլականների, որոնք կվերածվեն նախագծերի և կիրականացվեն մեր քաղաքի համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության ու համերաշխության համար։ Հաղթանակներ և հաջողություններ եմ մաղթում։ Հոկտեմբերի 4-ին մեր քաղաքը անպայման կտոնի հաղթանակը, և դրա կառուցումն ու զարգացումը կդառնան անհետադարձ, բայց ամենակարևորը՝ խաղաղության պահպանումն է, քանի որ խաղաղությունն է բերում զարգացում, բարեկեցություն, կառուցում։ Այս ամենն այսօր կարող է իրականացնել միայն մեկ քաղաքական թիմ երկրում՝ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»։ Խաղաղություն Վրաստանին, ավելի շատ բարություն Թբիլիսիին», – հայտարարել է Կախա Կալաձեն։
Երիտասարդների հետ Թբիլիսիի քաղաքապետի հանդիպումը տեղի է ունեցել Վասո Գոձիաշվիլիի անվան այգում։ Հանդիպումը շարունակվել է «Ուրսա» խմբի համերգով։