Կախա Կալաձե. Ոչ ոքի չի ներվի երկրում պետական հեղաշրջման փորձի համար, պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր հանցագործություն են կատարել
Երկրում հեղափոխություններ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերը ոչ ոքի չեն ներվում, – լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես նշել է Կալաձեն, հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրելու։
«Հոկտեմբերի 4-ից առաջ մի քանի ամիս շարունակ ընթանում էր քարոզարշավ, որ այդ մարդիկ՝ բռնի խմբերը, պատրաստվում էին կազմակերպել պետական հեղաշրջում։ Հոկտեմբերի 4-ին նրանք սկսեցին իրականացնել այդ խոստումը՝ պետական հեղաշրջման փորձը, սակայն պետության համապատասխան կառույցները գործեցին օրենքի շրջանակում և կանխեցին պետական հեղաշրջման փորձը։ Այս ուղղությամբ հետաքննություն է սկսվել, շատ մարդիկ ձերբակալված են։ Երեկ նաև Բաչո Ախալայան է ձերբակալվել, և սպասենք քննության արդյունքներին։
Ընդհանրապես բազմիցս ենք ասել, և դուք հիշում եք՝ քանի անգամ ենք կոչեր արել․ վարչապետը, ես հանդես էինք գալիս, փաստորեն գրեթե ամեն օր ստիպված էի հայտարարություններ անել, որ չդիմեն օրենքին հակասող քայլերի, քանի որ պետությունը կգործի օրենքի համաձայն։ Մենք ոչ ոքի չենք ներում, և ոչ ոքի չի ներվում երկրում հեղափոխություններ և պետական հեղաշրջում կազմակերպելու փորձը։ Չնայած այս ուղղությամբ արված բազմաթիվ հայտարարություններին՝ նրանք գործեցին այնպես, ինչպես գործեցին։ Հետևաբար, յուրաքանչյուր ոք, ով պետական հեղաշրջման փորձի հետ կապված հանցագործություն է կատարել, պատասխանատվություն կկրի», – նշել է Կախա Կալաձեն։