Կախա Կալաձե. Նրանք թեմա նետեցին, թե մենք քանդել ենք կառուցվող եկեղեցի, Ես քաղաքապետ եմ 2017 թվականից, ես չեմ հիշում միջադեպը, մենք Պատրիարքարանին չենք տեղեկացրել այդ մասին, տարածված տեղեկատվությունը սուտ է

14:32, 15.11.2025

Երեկ մի հեռուստաընկերություն, մասնավորապես՝ TV առաջինը, հեռուստադիտողին ներկայացրեց հերթական սուտը՝ ֆեյք լուր, ամբողջ օրը տարածում էր տեղեկություն, իբր Թբիլիսիի քաղաքապետարանը Աֆրիկայի թաղամասում կառուցվող եկեղեցուն բուլդոզերով անցել է, քանդել ու ոչնչացրել։ Այս մասին ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքերով՝ ընդդիմադիր հեռուստաընկերությունը «թեմա նետեց», մինչդեռ քաղաքապետարանի հայտարարությունը չլուսաբանվեց։

Կալաձեն բացատրեց, որ Պատրիարքարանի և Թբիլիսիի քաղաքապետարանի միջև միշտ կա հաղորդակցություն, երբ եկեղեցու կառուցում է նախատեսվում։

«Թեմա նետեցին, իբր մենք քանդել ենք կառուցվող եկեղեցի, իբր այդ շինարարությունը տևել է 14 տարի։ Քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ կից ներկայացնելով այսպես կոչված եկեղեցու լուսանկարները։ Կրկին եմ ասում՝ սա սուտ էր, եկեղեցու շինարարություն չէր ընթանում։ Ես անկեղծ կասեմ՝ 2017 թվականից, երբ ես քաղաքապետ եմ, չեմ հիշում դեպք, որ Պատրիարքարանը մեզ տեղյակ չպահեր կամ չլիներ տեղեկատվության փոխանակում ապագա նախագծերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է հայտարարությանը՝ TV առաջինը չհամարեց նպատակահարմար այն լուսաբանել, քանի որ այդ դեպքում իրենց սուտը կբացահայտվեր։ Իսկ ճշմարտությունն ինչո՞ւ էր պետք նրանց։ Ուզում եմ ևս մեկ անգամ ամբողջ պատասխանատվությամբ հայտարարել՝ տարածված տեղեկատվությունը հերթական սուտն ու ապատեղեկատվությունն է», — ասաց Կախա Կալաձեն։

Քաղաքապետը նաև ներկայացրեց այն շինության լուսանկարները, որը, ըստ նշված հեռուստաընկերության, իբր կառուցվում էր 14 տարի։ Նա նշեց, որ տվյալ տարածքում շինարարությունն սկսվել է ընդամենը մի քանի ամիս առաջ։ Կալաձեն նաև հայտնեց, որ եթե տվյալ թաղամասում տաճարի անհրաժեշտություն կա, քաղաքապետարանը լիովին կաջակցի դրա կառուցմանը։

«Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես եկեղեցու կառուցմանը հակադրվել։ Թբիլիսիում երբեք չի եղել դեպք, որ տաճարի շինարարություն սկսվի առանց քաղաքապետարանի հետ հաղորդակցության։ Պատրիարքարանը միշտ մեզ տեղեկացնում է, երբ շինարարական աշխատանքներ են սկսվում։ Եթե տվյալ բնակավայրի համար տաճարը անհրաժեշտ է, իհարկե, մենք ամեն ինչ կանենք, որ նպաստենք նախագծի հաստատմանն ու իրականացմանը։ Սակայն այդ շինությունը, որը մի քանի ամիս առաջ է հայտնվել այդ տարածքում, որևէ կապ չունի եկեղեցու կամ եկեղեցու կառուցման հետ», — նշեց Կախա Կալաձեն։

Նմանատիպ