Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին հանդիպել է Վրաստանում Սուրբ Աթոռի պատվիրակ, արքեպիսկոպոս Անտե Յոզիչին։
Վրաստանի կառավարության աշխազմի տեղեկատվությամբ՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Վատիկանի միջև հարաբերությունները։ Ըստ նույն աղբյուրի՝ ընդգծվել է փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերության կարևորությունը։
«Ուշադրություն է դարձվել կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը։ Զրույցը վերաբերել է նաև Վրաստանի կառավարության և Սուրբ Աթոռի հումանիտար կազմակերպությունների միջև սերտ համակարգման կարևորությանը։ Հանդիպմանը քննարկվել է «Դրամաշնորհների մասին» Վրաստանի օրենքը։ Կառավարության աշխատակազմի ղեկավարը Սուրբ Աթոռի պատվիրակին տեղեկություններ է փոխանցել օրենքով նախատեսված ընթացակարգերի մասին և նշել, որ օրենքը նպատակ ունի ապահովելու օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկությունը»,– ասված է Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ։