Կանադայի վարչապետը Դոնալդ Թրամփի 25% մաքսատուրքն անվանել է ուղղակի հարձակում և չի բացառում պատասխան քայլերը

10:47, 27.03.2025

Կանադայի վարչապետն ուղղակի հարձակում է անվանում ԱՄՆ նախագահի կողմից նոր 25 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ Մարկ Քարնիի խոսքով՝ Թրամփի որոշումը հակասում է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համաձայնագրին։

Վարչապետի խոսքով՝ Կանադան չի բացառում պատասխան միջոցների ձեռնարկումը։

«Մենք պաշտպանելու ենք մեր ընկերությունները, մեր երկիրը և միասին ենք պաշտպանելու, ստեղծել ենք մեխանիզմներ, որ անհրաժեշտության դեպքում պատասխան մաքսատուրքեր սահմանենք, այս առումով շատ բան պետք է հաշվի առնել»,- ասաց վարչապետը։

Քարնին ասել է, որ վատ գաղափար չի լինի իր և Թրամփի միջև հեռախոսազրույց ունենալ, և ինքը չի բացառում, որ դա շուտով տեղի կունենա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը նոր 25% մաքսատուրքեր է սահմանում այն ​​մեքենաների համար, որոնք արտադրված չեն ԱՄՆ-ում։ Թրամփն արդեն ստորագրել է գործադիր հրամանը, և այն ուժի մեջ կմտնի ապրիլի 2-ից։ ԱՄՆ նախագահը մանրամասնեց, որ մաքսատուրքերը կտարածվեն նաև մեքենաների վրա, որոնց մասերը արտադրված են Ամերիկայում, բայց հավաքվում են այլ երկրում։

Նմանատիպ