«Կամավորների կոալիցիայի» առաջնորդները նշում են, որ Ուկրաինայում պատերազմի լուծումը պետք է ապահովի երկարաժամկետ անվտանգություն, համապատասխանի ՄԱԿ-ի սկզբունքներին և պահպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը
«Կամավորների կոալիցիայի» առաջնորդները իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերին և վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ Ուկրաինայի սահմանները «չպետք է ուժով փոխվեն»։
«Կամավորների կոալիցիայի» առաջնորդների կողմից վիրտուալ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ընդգծվել է, որ «ցանկացած լուծում պետք է լիովին ներառի Ուկրաինան, պահպանի նրա ինքնիշխանությունը, համապատասխանի ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին և ապահովի երկրի երկարաժամկետ անվտանգությունը»։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած հանդիպումը վերահաստատել է, որ խաղաղությունը պետք է ապահովվի «Ուկրաինայի համար ուժեղ և հավաստի անվտանգության երաշխիքներով»։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նման երաշխիքների պլանավորումը առաջ մղելու համար կոալիցիայի առաջնորդները համաձայնության են եկել Մարկո Ռուբիոյի հետ՝ արագացնելու Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքը։ Բացի այդ, կոալիցիան ողջունում է այն հավաստիացումները, որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերին վերաբերող հարցերը կքննարկվեն առանձին՝ եվրոպացի գործընկերների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների լիարժեք ներգրավմամբ։ Առաջնորդները նաև համաձայն են, որ Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը, ներառյալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը, չափազանց կարևոր կլինի։