Կալիֆոռնիայի նահանգապետ. Նահանգը դատի կտա Թրամփի վարչակազմին Ազգային գվարդիայի տեղակայման համար, Թրամփի որոշումը սրում է ճգնաժամը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ։ Նահանգապետն այս մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։
Նյուսոմը նշել է, որ Լոս Անջելեսում Ազգային գվարդիան տեղակայելու Դոնալդ Թրամփի որոշումը ճգնաժամի սրացում է։
«Դոնալդ Թրամփը ստեղծեց այն պայմանները, որոնք դուք այսօր երեկոյան տեսաք հեռուստատեսությամբ։ Նա սրեց իրավիճակը, երբ հայտարարեց, որ դուրս է բերում Ազգային գվարդիան», – ասել է Կալիֆոռնիայի նահանգապետը։
Նյուսոմը նշել է, որ Ազգային գվարդիան տեղակայելու հրամանը խախտել է սահմանված արձանագրությունները, որոնք պահանջում են համաձայնեցում նահանգապետերի հետ։
«Նրանք չեն համաձայնեցրել ինձ հետ։ Կա արձանագրություն, կա գործընթաց։ Նրան դա չի հետաքրքրել», – ասել է Նյուսոմը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև։ Ցուցարարների դեմ օգտագործվել են պղպեղի գնդիկներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Բախումներ են տեղի ունեցել նաև ցուցարարների և Ազգային գվարդիայի անդամների միջև։