Ջուանշեր Բուրճուլաձեն ծանոթացել է «Մեր բանակը» նախագծի ընթացքին
Ջուանշեր Բուրճուլաձեն ծանոթացել է «Մեր բանակը» նախագծի ընթացքին

Վրաստանի ՊՆ-ն ակտիվորեն իրականացնում է «Մեր բանակը» նախագիծը, որի շրջանակներում զինվորականներն այցելում են հանրակրթական դպրոցներ և ավագ դպրոցի աշակերտներին ծանոթացնում Վրաստանի պաշտպանության ուժերին։ Տեղեկությունը տարածում է ՊՆ-ն։

Նախագծի ընթացքին այսօր ծանոթացել են Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին և կրթության և գիտության փոխնախարար Թամար Մախարաշվիլին։ Նրանք զինվորականների հետ «Մեր բանակը» նախագծի շրջանակներում այցելել են Թբիլիսիի թիվ 67 հանրակրթական դպրոց։

Պաշտպանության նախարարը ուսանողների հետ խոսել է երկրի անվտանգության, ռազմական կրթության, կարիերայի առաջխաղացման հնարավորությունների և երիտասարդների շրջանում հայրենասիրական ոգու խորացման կարևորության մասին։

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայի բանակը ձեզ ավելի հարազատ ու սիրելի դարձնելու համար։ Մեր հիմնական նպատակն է ավելի լավ բացատրել ձեզ, թե ինչ է անում մեր բանակը, որպեսզի այն ձեզ համար ավելի ծանոթ և ընդունելի լինի»,- ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն։

Զինվորական անձնակազմը աշակերտներին ներկայացրեց ծրագրի կարևորությունը։ Ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն դիտելու թեմատիկ տեսանյութեր, ծանոթանալու զինվորականների անձնական պատմություններին և տեղեկություններ ստանալու Վրաստանի ազգային հերոսների մասին։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ռեժիմով։

«Մեր բանակը» նախագիծն իրականացվում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից՝ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ, և նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրազեկությունը և խորացնել հայրենասիրական ոգին։