Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի հրամանատարի հետ
Հունգարիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գեներալ Ռիչարդ Քլարքին։
Կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության հարցեր։ Նշվել է, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված պաշտպանությունն ու զսպվածությունն ուժեղացնելու Վրաստանի նախաձեռնությունը ուղղված է Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի հետագա զարգացմանը, որը ծառայում է երկրի տոկունությանն ու դիմադրությանը:
Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին շարունակական, բազմակողմանի և աճող աջակցության համար։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների հատուկ գործողությունների ուժերի միջև համագործակցությունը։
Նախարարի խոսքով՝ Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի զարգացման և արդիականացման գործում էական նշանակություն ունեն ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի աջակցությունը, համատեղ վարժանքներն ու գործողությունները։
Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա։ Հունգարիա կատարած այցի ընթացքում Ջուանշեր Բուրճուլաձեն հունգարացի գործընկերոջ հետ բացել է «2021 Հունգարիայի տոկունության և դիմադրության համաժողովը»։
Տեղեկությունը տարածում է ՊՆ մամուլի ծառայությունը։