Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկայի հետ։ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները։
Ջուանշեր Բուրճուլաձեն նշել է, որ Լիտվան Վրաստանի ականավոր, ուժեղ և հավատարիմ ռազմավարական գործընկերն է։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Լիտվայի համագործակցության կարևորությանը, մասնավորապես՝ համատեղ մասնակցությանը տարբեր նախագծերին և նախաձեռնություններին։ Կողմերը քննարկել են Վրաստանի հեռանկարներն ու կոնկրետ քայլերը հաջորդ տարի Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Կողմերը կենտրոնացել են սեւծովյան տարածաշրջանում կայունության կարեւորության վրա եւ եւս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային։
Ջուանշեր Բուրճուլաձեն իր գործընկերոջը ներկայացրել է պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ չափանիշների հետ համատեղելիության առումով։ Զրույցն անդրադարձել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա սերտ ռազմավարական համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության աճող դինամիկային և ապագա հեռանկարներին։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության կոնկրետ ծրագիր, որը վերաբերում է ռազմական կրթության, կիբերանվտանգության, ռազմավարական հաղորդակցության, պարտադիր զինվորական ծառայության, վիրավոր զինծառայողների վերականգնման, ազգային պաշտպանության ակադեմիաների միջև փոխանակման այցերին, ինչպես նաև համատեղ վարժանքներին։
Հանդիպման ավարտին Ջուանշեր Բուրճուլաձեն և Արվիդաս Անուշաուսկան ստորագրել են Վրաստանի և Լիտվայի միջև պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն։
Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին, հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Իրակլի Ճիճինաձեն, Վրաստանում Լիտվայի դեսպան Անդրիուս Կալինդրան, ՊՆ այլ պաշտոնյաներ և անդամներ։
Այցի շրջանակներում Լիտվայի պաշտպանության նախարարն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոն (JTEC) և ծաղկեպսակ դրել Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշակոթողին»,- նշվում է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։