Ջոզեֆ Բորել. Մենք չենք նախատեսում կանգ առնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում, կա էներգառեսուրսների պաշարների համալրման վտանգ, այնուամենայնիվ, մենք նախատեսում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի
Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարների քննարկման հիմնական հարցը լինելու է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և դրա հետևանքները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետությունն ու նոր փաթեթի քննարկումը։
Նախարարականին առցանց ձևաչափով կմասնակցի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
«Մենք դիտարկում ենք նոր փաթեթը և առկա պատժամիջոցների կիրարկման բարելավման հարցերը։ Ես Եվրահանձնաժողովին նոր առաջարկներ եմ ներկայացրել, որոնցից ամենագլխավորը ռուսական ոսկու արգելքն է, որպեսզի պատժամիջոցներն արդյունավետ աշխատեն։ Մեծ բանավեճ կա, թե ինչպես են գործում պատժամիջոցները, արդյոք պատժամիջոցներն ավելի շատ մեզ վրա են ազդում, քան Ռուսաստանի վրա։ Որոշ եվրոպացի առաջնորդներ ասում են, որ պատժամիջոցները սխալ էին: Դա սխալ չէր, մենք պետք է դա անեինք և կշարունակենք դա անել։ Ոմանք ասում են, որ նավթի նկատմամբ պատժամիջոցների պատճառով գները բարձրացել են, բայց նայեք տվյալներին՝ նվազում է։ Ուստի կոչ եմ անում բոլորին ցանկացած փաստարկին թվեր կցել, նայեք տվյալներին, նավթի գինը նույնն է, ինչ եղել է պատերազմի մեկնարկից առաջ։ Ուրեմն ո՞նց ասի, որ նավթի արգելքը թանկացրել է, աչք չունի՞։ Չե՞ք նայում տվյալներին: Նրանք ծանոթ չեն թվերին կամ փաստերին։ Կարևոր է հասկանալ, թե որտեղ ենք մենք, ինչ ենք անում և ինչ հետևանքներ ունի մեր արածը։ Ռուսաստանը շարունակում է արգելափակել ուկրաինական հացահատիկը, այրել այն և շարունակել պատերազմը՝ անխտիր ռմբակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները, սպանելով անմեղ մարդկանց։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, կդիտարկենք ռազմական օգնության ավելացման հարցը։ Մենք չենք պլանավորում կանգ առնել Ուկրաինային աջակցություն գտնելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վրա։ Իհարկե, կա էներգառեսուրսների պաշարների համալրման վտանգ, և Եվրահանձնաժողովը, Եվրամիության խորհուրդը ծրագրում են քայլեր ձեռնարկել ցանկացած իրավիճակի պատրաստ լինելու համար»,- ասել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ Բորելը նաև նշել է. «Նայեք Ռուսաստանի տնտեսության տվյալները, տեսեք արտադրության տվյալները, քանի՞ մեքենա, քանի շարժիչ կարողացավ Ռուսաստանը արտադրել պատերազմի սկսվելուց հետո։ Նայեք տվյալներին. Ռուսաստանի տնտեսությունը թանկ է վճարում»։