Ջո Բայդենը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրեյներին

20:42, 04.08.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրեյներին։ Այս մասին ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Այսօր ԱՄՆ-ի քաղաքացի Բրիթնի Գրեյները դատապարտվեց և դա ևս մեկ հիշեցում է այն մասին, ինչ աշխարհն արդեն գիտի: Ռուսաստանը անարդարացիորեն կալանավորել է Բրիթնիին։ Սա անընդունելի է։ Կոչ եմ անում Ռուսաստանին անհապաղ ազատ արձակել նրան, որպեսզի նա լինի իր սիրելիների, ընկերների և թիմակիցների հետ: Իմ վարչակազմը կշարունակի աշխատել անխոնջ և կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ Բրիթնիին և Փոլ Ուելաններին որքան հնարավոր է շուտ անվտանգ տուն բերելու համար», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Ռուսական դատարանը ինը տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկացի բասկետբոլիստ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Բրիթնի Գրեյներին։ Դատարանը մարզիկին մեղավոր է ճանաչել թմրանյութեր պահելու և մաքսանենգության մեջ։ Ամերիկացի մարզիկը ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում փետրվարին, երբ նրա ուղեբեռում կանեփի յուղ էին հայտնաբերել։ Ռուսաստանում կանեփն արգելված է ինչպես բժշկական, այնպես էլ ռեկրեացիոն նպատակներով։

Ինչ վերաբերում է Փոլ Ուելանին, ապա նախկին ծովային հետևակայինը ձերբակալվել էր Ռուսաստանում 2018 թվականի դեկտեմբերին՝ լրտեսության մեղադրանքով։ 2020 թվականի հունիսին նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Նմանատիպ