Ջո Բայդեն. Ռուսաստանը գերձայնային հրթիռ է օգտագործել Ուկրաինայում, քննարկում է քիմիական և կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը գերձայնային հրթիռ է կիրառել Ուկրաինայում և քննարկում է քիմիական և կենսաբանական զենքի կիրառման հարցը։ Այս մասին Ջո Բայդենը հայտարարել է բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է Բայդենը, Վլադիմիր Պուտինին պատին են դեմ տվել, և կան հստակ նշաններ, որ նա դիտարկում է Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի այն հայտարարությունները, թե Ամերիկան Եվրոպայում կենսաբանական կամ քիմիական զենք ունի, իրականությանը չեն համապատասխանում։ Բայդենն ասել է, որ Մոսկվայի մեղադրանքները հստակ ցուցում են, որ նա դիտարկում է երկու տեսակի զենքերի կիրառման հարցը։ Սակայն Բայդենի վարչակազմը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է կիբերհարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեմ։
«Նա նախկինում քիմիական զենք է կիրառել, և մենք պետք է զգույշ լինենք, թե ինչ կարող է լինել։ Նա գիտի, որ ՆԱՏՕ-ի միասնական ճակատի պատճառով լուրջ հետևանքներ կլինեն, բայց բանն այն է, որ դա իրական է: Ես կցանկանայի ձեզ շատ հակիրճ նշել, որ գործիքներից մեկը, որը նա ամենայն հավանականությամբ կօգտագործի, կիբերհարձակումներն են։ Նրանք շատ զարգացած կիբեր հնարավորություններ ունեն։ Իմ վարչակազմն այսօր թարմացված նախազգուշացում է տարածել՝ հիմնվելով հետախուզության վրա, որ Ռուսաստանը կարող է ծրագրել կիբերհարձակումներ իրականացնել մեր դեմ»,- ասել է Բայդենը։
Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ընկերություններին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում ցուցաբերած օգնության համար։
«Դուք շատ բան եք արել, որպեսզի օգնեք մեզ պատժամիջոցներ կիրառել և ստիպել իրական գին վճարել ռուսական տնտեսությանը։ Հիմա մենք տեսնում ենք, որ դա կարևոր էր։ Այն, ինչ դուք արեցիք, իսկապես կարևոր էր», – ասել է Բայդենը։