Ջո Բայդեն. Նոր Օռլեանում տեղի ունեցած սարսափելի հարձակումը արդարացում չունի, ՀԴԲ-ն հետաքննում է այս գործը որպես ահաբեկչական ակտ

22:40, 01.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակմանը։ Բայդենը լրագրողներին ասել է, որ լուրը լսելուց հետո իր առաջին արձագանքը զայրույթն ու հիասթափությունն էր։ Միաժամանակ Բայդենն անպատասխան է թողել կասկածյալի ինքնության հետ կապված կոնկրետ հարցերը։

«Ես կապվել եմ դաշնային կառավարական գործակալությունների հետ: Նրանք բոլորը համակարգված աշխատում են՝ պարզելու հիմնական փաստերը»,- ասաց նա։

Ավելի վաղ Բայդենը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Նոր Օռլեանում տեղի ունեցած սարսափելի հարձակումն արդարացում չունի։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն դեպքը հետաքննում է որպես ահաբեկչական գործողություն։

«Ես շնորհակալ եմ տեղական իրավապահ մարմինների արագ արձագանքման համար, որոնք կանխեցին ավելի շատ զոհեր և ավերածություններ։ Ես հանձնարարել եմ իմ թիմին ապահովել, որ բոլոր ռեսուրսները հասանելի լինեն, քանի որ դաշնային, նահանգային և տեղական իրավապահ մարմինները ջանասիրաբար աշխատում են՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել և ապահովելու, որ սպառնալիք չկա», – ասվում է հայտարարության մեջ:

«Որևէ տեսակի բռնության արդարացում չկա, և մենք չենք հանդուրժի որևէ հարձակում մեր երկրի որևէ համայնքի վրա», – ասել է Ջո Բայդենը։

Հարձակվողի ինքնությունը պարզվել է, նա 42-ամյա Շամսուդ Դին-Ջաբարին է, որին դեպքից հետո սպանել են իրավապահները։

ԱՄՆ-ի Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասի Բուրբոն փողոցում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, վիրավորվել՝ 30-ը։

Նմանատիպ