Ջեյմս Օ'Բրայեն. ԱՄՆ-ը և Եվրոպան համատեղ մշակում են Հայաստանն արևմտյան հասարակությանը մերձեցնելու ծրագիր
ԱՄՆ-ը և Եվրոպան համատեղ մշակում են Հայաստանն արևմտյան հասարակության հետ մերձեցնելու ծրագիր,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նաև ասել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների շուրջ և կարևորել է Ֆրանսիայի «զգալի» օգնությունն այս ոլորտում։
«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակավ հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի և Հայաստանի հետ՝ Հայաստանը մեր հասարակություններին ավելի մոտեցնելու նպատակով։ Սա վարչապետ Փաշինյանի հետ քննարկել ենք մի քանի օր առաջ, հիմա էլ փորձում ենք մոդել մշակել։ Առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առևտրային առաջնահերթությունների, տնտեսական համագործակցության և միասնական շուկա մուտք գործելու առումով, աներևակայելի կարևոր է։ Մենք կարող ենք օգնել այդ հարցում»,- ասել է Ջեյմս Օ՛Բրայենը։