Ջեյհուն Բայրամով. Նավթամուղների և գազամուղների միջոցով Ադրբեջանն ու Վրաստանը, Թուրքիայի հետ միասին, փոխել են տարածաշրջանի ողջ քարտեզը
«Նավթամուղների և գազամուղների միջոցով Ադրբեջանն ու Վրաստանը, Թուրքիայի հետ միասին, փոխել են տարածաշրջանի ամբողջ քարտեզը», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականության տարրերից լավագույն ճանապարհը հարևան երկրների հետ լավ հարաբերություններն են՝ անվտանգության և բարեկեցության խթանման համար։
«Ադրբեջանի արտաքին քաղաքականության տարրերից լավագույն ճանապարհը անվտանգության և բարեկեցության խթանման համար հարևանների հետ լավ հարաբերություններն են և, իհարկե, տնտեսական ինտեգրացիան։ Ես նկատի ունեմ ոչ միայն տրանսպորտը, տարանցումը, այլ նաև էներգետիկ նախագծերը, էլեկտրաէներգիան, մալուխները և այլն։ Այսինքն՝ դա այն է, ինչը ձեզ դրական իմաստով փոխկապակցում է հարևան երկրների հետ։
Սա այն բանն է, ինչը Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է բոլոր հարևանների հետ։ Երբ խոսում ենք արևելք-արևմուտք միջին միջանցքի մասին, դա այն է, ինչ օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, Թուրքիայի հետ միասին, իրականացրել են։ Դա այն է, ինչով մենք փոխեցինք տարածաշրջանի ամբողջ քարտեզը։ Հիմնական նավթամուղներն ու գազամուղները, արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքը՝ սա վերջին օրինակն է։ Դա այն է, ինչը դրական ազդեցություն ունեցավ մեր ժողովուրդների և հասարակությունների բարեկեցության վրա», – նշել է Բայրամովը։