Ջեյ Դի Վենս. Ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կայուն լինի
Ջեյ Դի Վենս. Ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կայուն լինի

«Մենք բարեկեցություն կստեղծենք այնտեղ, որտեղ նախկինում միայն պատերազմ ու հակամարտություն էր», – այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ամենակարևոր գործոններից մեկը, որը կնպաստի հակամարտությունների և պատերազմների կանխմանը, երկու ժողովուրդների համատեղ աշխատանքն է՝ հանուն առավել մեծ բարեկեցության հասնելու:

Վենսի պնդմամբ՝ «Թրամփի երթուղին» Ադրբեջանի համար լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի, և բնական պաշարների արտահանումն ավելի կհեշտանա: Վենսի խոսքով՝ այս նախագիծը խթան կհանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կայունության համար:

«Մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության խարտիան: Սա պաշտոնապես կհաստատի գործընկերությունը և հստակ ցույց կտա, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կշարունակվեն: Սա գործընկերություն է, որը մեծ օգուտ կբերի երկու ժողովուրդներին: Մենք ձգտում ենք, որ երկու երկրների միջև հակամարտության վերսկսում տեղի չունենա, ժողովուրդների միջև կապեր հաստատվեն, և այս ճանապարհով ենք ցանկանում առաջ շարժվել: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը լինի կայուն», – նշել է Ջեյմս Դևիդ Վենսը:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ադրբեջանին կապում է երկարամյա կարևոր ռազմավարական գործընկերություն:

«Հնարավոր է՝ շատերը չգիտեն, բայց Ադրբեջանը վերջին երկրներից մեկն էր, որը դուրս բերեց զորքերը Աֆղանստանից: Մենք գործողություններ ենք իրականացրել բարդ պայմաններում և այդ ժամանակ կարողացել ենք պահպանել մեր հեղինակությունը», – ասել է Վենսը:

Տեղեկության համար նշենք, որ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին խարտիա: