Ջեֆրի Սաքս. Հավատում եմ, որ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը պետք է միասին աշխատեն ինչպես միջանցքների տնտեսական ռազմավարության, այնպես էլ անվտանգության ուղղությամբ, քանի որ Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է

12:11, 12.04.2025

Հավատում եմ, որ Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, պետք է համագործակցեն, քանի որ այս տարածաշրջանը բարդ է, – այս մասին հայտարարել է ամերիկացի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը՝ Անթալիայում վրացի լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ նա կարծում է, որ համատեղ ջանքերով Հարավային Կովկասը կարող է արդյունավետ աշխատել։

«Եվրոպացիները և Միացյալ Նահանգները պետք է թողնեն վրացական քաղաքականությանը խառնվելը։ Կարծում եմ՝ ազդեցությունները և միջամտությունները որևէ օգուտ չեն բերում։ Հույս ունեմ, որ այդ մարդիկ Վրաստանին թույլ կտան ունենալ սեփական քաղաքականություն և ներքին գործեր՝ առանց այն անհանգստության, որը գալիս է Բրյուսելից կամ այլ վայրերից։ Երկրորդ՝ ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, պետք է համագործակցեն ինչպես արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ միջանցքների տնտեսական ռազմավարության, այնպես էլ անվտանգության ուղղությամբ, քանի որ սա մի փոքր բարդ տարածաշրջան է։ Հավատում եմ, որ համատեղ ջանքերով Հարավային Կովկասը կարող է արդյունավետ աշխատել։ Այս ամբողջ արտաքինից եկող անհանգստությունն ու լարվածությունը իսկապես դրական չէին», – հայտարարել է Ջեֆրի Սաքսը։

Բացի այդ, ամերիկացի պրոֆեսորի գնահատմամբ՝ տարածաշրջանում ապակայունացման գործոն է դարձել ՆԱՏՕ-ի գաղափարի զարգացումը Վրաստանում ԱՄՆ-ի կողմից։

«Պատմական կտրվածքով՝ անկեղծ ասած, երբ ԱՄՆ-ն սկսեց Վրաստանում զարգացնել ՆԱՏՕ-ի գաղափարը, ցավոք, դա իսկապես դարձավ ամբողջ տարածաշրջանի համար ապակայունացման գործոն։ Սա իմ անձնական կարծիքն է։ ՆԱՏՕ-ն պետք է հեռու մնացած լիներ նաև Ուկրաինայից, և հիմա աշխարհը կլիներ շատ ավելի անվտանգ, որովհետև չէին ստեղծվի Ռուսաստանին ուղղված սկզբում ծայրահեղ լարվածություն, ապա՝ պատերազմ, որը բոլորի համար բերեց ապակայունություն», – նշել է Սաքսը։

Նմանատիպ