Իզյումի քաղաքապետը հայտարարում է, որ քաղաքն ազատագրվել է ռուսներից
Իզյումի քաղաքապետը հայտարարում է, որ քաղաքն ազատագրվել է ռուսներից

Իզյումի քաղաքապետ Վլադիմիր Մացոկինը հայտարարում է, որ քաղաքն ազատագրվել է ռուսներից։ «CNN»-ի տեղեկություններով՝ այս մասին Վլադիմիր Մացոկինը հայտարարել է ուկրաինական ռադիոյի հետ զրույցում։

«Մեր ուկրաինական զինված ուժերը գտնվում են Իզյումում։ Առայժմ չի կարելի ասել, որ Իզյումի ազատագրման ռազմական գործողությունն ավարտվել է, սակայն զինվորականներն աշխատում են»,- ասել է Մացոկինը։

Միաժամանակ Մացոկինը նշել է, որ քաղաքում գտնվող Կրեմենեց լեռան վրա արդեն բարձրացվել է Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը, ինչը հաստատվել է։

«Սա իսկական տոն է՝ մեր քաղաքի ազատագրման օրը։ Սեպտեմբերի 10-ը ռուս զավթիչներից Իզյումի ազատագրման օրն է»,- ասել է Իզիումի քաղաքապետը։

Նշենք, որ մինչ այդ տեղեկություն էր տարածվել քաղաքին ուկրաինացի զինվորների մոտենալու մասին։ Ուկրաինացի մարտիկները պնդում էին, որ ռուս զինվորները վայր են դրել զենքերը և փախել քաղաքից։