Իտալական բիզնեսի, տեղական ինքնակառավարման մարմինների և արհմիությունների ներկայացուցիչները Մարիո Դրագիին կոչ են անում հրաժարական չտալ
Իտալական բիզնեսի, ինքնավարությունների և արհմիությունների ներկայացուցիչները կոչ են անում Մարիո Դրագիին չհեռանալ վարչապետի պաշտոնից։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցների՝ Իտալիայի մի շարք քաղաքների քաղաքապետեր, ինչպես նաև բիզնես ասոցիացիաների և արհմիությունների ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ խնդրելով Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին վերանայել հրաժարականի որոշումը՝ վախենալով, որ իր հրաժարականը կվնասի երկրի տնտեսությանը։
Կոչը ստորագրել են Իտալիայի 110 քաղաքների, այդ թվում՝ 10 խոշորագույն ագլոմերացիաների քաղաքապետերը։
«Մենք՝ քաղաքապետներս, որոնք պետք է կառավարենք և լուծենք այն խնդիրները, որոնք ամեն օր հուզում են մեր քաղաքացիներին, խնդրում ենք Մարիո Դրագիին հրաժարվել հրաժարականից և խորհրդարանին ներկայացնել համոզիչ պատճառներ, թե ինչու պետք է շարունակի գործել կառավարությունը»,- ասված է կոչում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, նմանատիպ կոչով հանդես են եկել արդյունաբերական, գյուղատնտեսական արհմիությունները։ Իտալիայի CGIL խոշորագույն արհմիության ղեկավարի խոսքով՝ երկրի համար գլխավորը կայունությունն է, իսկ ներկայիս կառավարությունը չի կորցրել Իտալիայի բնակչության վստահությունը։
«Reuters»-ը, հենվելով սեփական աղբյուրի վրա, գրում է, որ Մարիո Դրագին չի պատրաստվում ոչ մի ուլտիմատում կատարել և որոշել է կրկին հրաժարական տալ։ Վարչապետը հուլիսի 20-ին կներկայանա խորհրդարան, որտեղ կորոշվի նրա պաշտոնավարման հարցը։
Անցած չորեքշաբթի Իտալիայի նախագահը հրաժարվել էր ընդունել Իտալիայի վարչապետի հրաժարականը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Իտալիայի կոալիցիոն կառավարությունը փլուզման եզրին է այն բանից հետո, երբ «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը հրաժարվեց մասնակցել հազարավոր ընկերությունների և ընտանիքների համար ֆինանսական օգնություն գտնելու օրինագծի ընդունման քվեարկությանը։