Իսրայելի զինված ուժերի՝ Լիբանանի հարավային մասից դուրս գալուց հետո Լիբանանի բանակը սկսել է տեղակայվել Զավթար ալ-Ղարբիայում
Լիբանանի բանակի զինծառայողները երկրի հարավային մասում՝ Զավթար ալ-Ղարբիա քաղաքում, սկսել են տեղակայվել այն բանից հետո, երբ իսրայելական զինված ուժերը լքել են տարածքը։ Տեղեկությունը հաստատում են Լիբանանի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները։
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լիբանանի իշխանությունները հույս ունեն, որ կկարողանան վերականգնել վերահսկողությունը երկրի հարավում՝ մոտ 10 կիլոմետր խորությամբ գտնվող գոտու նկատմամբ, որը շարունակում է օկուպացված մնալ Իսրայելի զորքերի կողմից։
Լիբանանի բանակը կրկին կոչ է անում բնակչությանը մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը չմտնել քաղաք և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ենթարկվել զինվորական ստորաբաժանումների ցուցումներին։
«Ռոյթերս»-ի հաղորդմամբ՝ Իսրայելի և Լիբանանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը նախատեսում է, որ Լիբանանի բանակը զինաթափելու է «Հեզբոլահ» խմբավորմանը և հաստատելու է վերահսկողություն տարածաշրջանի նկատմամբ այն բանից հետո, երբ այնտեղից իսրայելական զորքերը փուլ առ փուլ դուրս գան։
Ի դեպ, Իսրայելը գրավել էր Լիբանանի հարավային մասը՝ այսպես կոչված բուֆերային գոտի ստեղծելու նպատակով։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ իրենց նպատակն է ոչնչացնել «Հեզբոլահ» խմբավորմանը, որը վերահսկում է Լիբանանի հարավային մասը։