Իսրայելը «Համաս»-ին հանձնել է 15 պաղեստինցու մարմին։ Այս փոխանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուշ գիշերով Գազայից դուրս է բերվել իսրայելցի պատանդ Իթայ Չենի դին։
Իսրայելական մամուլի տեղեկությամբ՝ Իթայ Չենը Իսրայելի Պաշտպանական ուժերի շտաբի սերժանտ էր, որը սպանվել է «Համաս»-ի կողմից 2023 թվականին։
Խան Յունիսի Նասեր հիվանդանոցում հայտնել են, որ վերջին մեկ ամսում Գազա վերադարձված պաղեստինցիների մարմինների թիվը հասել է 285-ի։ Փոխարենը «Համաս»-ը վերադարձրել է 19 մարդու դի՝ որոնցից մեկը Թաիլանդի, մեկը Նեպալի և 17-ը՝ Իսրայելի քաղաքացի։
Ըստ գործող պայմանավորվածության՝ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի վերադարձի դիմաց Իսրայելը Գազային հանձնում է 15 պաղեստինցու մարմին։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը շարունակելու են «Համաս»-ի թունելների և զինյալների ոչնչացման գործողությունները։
«Իսրայելի քաղաքականությունը Գազայում հստակ է. Պաշտպանական ուժերը գործողություններ են իրականացնում մեր վերահսկողության տակ գտնվող դեղին գոտում՝ թունելների և «Համաս»-ի ահաբեկիչների ոչնչացման նպատակով՝ առանց որևէ սահմանափակման։ Նպատակը, բոլոր զոհված պատանդների վերադարձի հետ մեկտեղ, «Համաս»-ի զինաթափումն է և Գազայի ապառազմականացումը», – գրել է Իսրայել Կացը։