Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հարավային Լիբանանի մի քանի բնակավայրերի, զոհվել է առնվազն հինգ մարդ
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հարավային Լիբանանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Սի-Էն-Էն»-ը՝ հղում անելով Լիբանանի պետական լրատվական գործակալությանը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նաբաթիայի շրջանում արձանագրվել են ինչպես ավիահարվածներ, այնպես էլ հրետանային կրակ, որոնք ավերել են բնակելի տներ և շենքեր:
Ըստ նույն աղբյուրների՝ տեղական ժամանակով մոտավորապես առավոտյան ժամը 06:30-ին Իսրայելը հարված է հասցրել Արաբ Սալիմ քաղաքին, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել: Բացի այդ, մեկ մարդ զոհվել է Դեյր ալ-Զահրանի քաղաքին հասցված հարվածի հետևանքով: Եվս մեկ մարդ դարձել է զոհ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ին Ալ-Դվեյր քաղաքում անօդաչու թռչող սարքով իրականացված հարձակման հետևանքով։
«Սի-Էն-Էն»-ի աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարի նորացված համաձայնագիրն ուժի մեջ պետք է մտներ ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին։