Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բենիամին Նեթանյահուն առաջիկա օրերին կառավարությանը կներկայացնի մի ծրագիր, որը կներառի Գազայի հատվածի անեքսիան
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկա օրերին կառավարությանը կներկայացնի մի ծրագիր, որը նախատեսում է Գազայի հատվածի անեքսիա։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ծրագրի համաձայն, Իսրայելը «Համաս»-ին մի քանի օր կտա, որպեսզի համաձայնի հրադադարի շուրջ, իսկ մերժման դեպքում կսկսվի Գազայի հատվածի անեքսիան։ Աղբյուրների տեղեկացմամբ՝ այս գործընթացը կիրականացվի փուլային եղանակով։ Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել այսպես կոչված բուֆերային գոտիներ, իսկ այնուհետև անեքսիայի ենթարկել Գազայի հատվածի հյուսիսային մասերը։
Հրապարակման համաձայն, Նեթանյահուի պնդմամբ, այս ծրագրին աջակցություն է ցուցաբերել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։
Haaretz-ը նշում է, որ մինչ այս Նեթանյահուն առանձնապես մեծ հետաքրքրվածություն չէր ցուցաբերել Գազայի հատվածի անեքսիայի հարցում, սակայն այժմ պատրաստ է գնալ այս քայլին՝ կառավարության կոալիցիայի փլուզումից խուսափելու համար։
Հայտնի է նաև, որ Իսրայելի կառավարության աջափողմյան-ռադիկալ թևը դժգոհ է Նեթանյահուի որոշումից, որով նախատեսվում է ավելացնել Գազայի հատվածում հումանիտար օգնության մատակարարումը։
Նշենք, որ ներկայումս Իսրայելը գտնվում է ուժեղ միջազգային ճնշման տակ, քանի որ հումանիտար կազմակերպությունների տեղեկացմամբ՝ Գազայի հատվածում զանգվածային սով է տիրում։
Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մեղադրում են Իսրայելի իշխանություններին Գազայի հատվածում հումանիտար օգնության մատակարարումը արգելափակելու մեջ։ Նեթանյահուն այս մեղադրանքը մերժում է՝ պնդելով, որ Իսրայելը բավարար օգնություն է ուղարկում Գազա, սակայն այն գողացվում է «Համաս»-ի կողմից։