Իսրայելական լրատվամիջոցներ – Հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 իրանցի միջուկային գիտնական
Առնվազն 14 իրանցի միջուկային գիտնական է սպանվել ուրբաթ օրվանից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների երկու աղբյուրների։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հրապարակել էին սպանված ինը գիտնականների անունները, որոնք, ըստ Իսրայելի կառավարության, օգնում էին Իրանին միջուկային զենք մշակել։ Նրանցից մի քանիսը համարվում են «Իրանի միջուկային ծրագրի հոր»՝ հայտնի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի իրավահաջորդները։ Ֆախրիզադեն սպանվել է Իսրայելի կողմից 2020 թվականի նոյեմբերին։
Իսրայելը հունիսի 13-ին ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, որի ընթացքում հարվածներ հասցրեց ռազմական և միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան՝ Իրանը հարձակվեց Իսրայելի վրա հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։