Իրանի խորհրդարանը աջակցել է Հորմուզի նեղուցի փակմանը
Իրանի խորհրդարանը աջակցել է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակմանը։
Իրանցի օրենսդիր Էսմայիլ Կովսարին հայտարարել է, որ Մեջլիսը (Իրանի խորհրդարան) համաձայնել է փակել համաշխարհային էներգետիկ առևտրի կարևորագույն զարկերակը՝ ի պատասխան ԱՄՆ ագրեսիայի և միջազգային հանրության լռության։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջնական որոշումը կկայացնի Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը՝ խորհրդարանի որոշումից հետո։
Հորմուզի նեղուցը, որը գտնվում է Պարսից ծոցում, համաշխարհային առևտրի ամենակարևոր կետերից մեկն է, որով անցնում է աշխարհի նավթի մոտ 20 տոկոսը, ինչը կազմում է օրական մոտ 17-18 միլիոն բարել նավթ: Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը բաց օվկիանոսին միացնող միակ ծովային ճանապարհն է և սահմանակից է խոշոր նավթ արտադրողների, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը և Միացյալ Արաբական Էմիրությունները: