Իրանի փոխարտգործնախարար. ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի վրա նոր հարձակումները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական բանակցությունները
Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի վրա նոր հարձակումները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական բանակցությունները։
BBC-ին տված հարցազրույցում Մաջիդ Թախտ-Ռավանչին բացատրել է, որ Թրամփի վարչակազմը Իրանին առաջարկում է վերադառնալ բանակցություններին միջնորդների միջոցով, բայց «չի պարզաբանել իր դիրքորոշումը» նոր հարձակումների հարցի վերաբերյալ։
«Մենք փնտրում ենք այս հարցի պատասխանը՝ կտեսնե՞նք արդյոք ագրեսիայի վերադարձ բանակցությունների ընթացքում», – ասել է Թախտ-Ռավանչին։
Իրանի փոխարտգործնախարարը հաստատել է, որ Իրանը «անպայման կպահպանի» խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իրավունքը։
«Մենք կարող ենք քննարկել մակարդակը, կարող ենք քննարկել հզորությունը, բայց ասել, որ մենք ընդհանրապես չպետք է կարողանանք հարստացնել ուրան, և եթե դուք չհամաձայնվեք, մենք ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենքն է», – ասել է Իրանի փոխարտգործնախարարը։
Իսրայելի հետ զինադադարի երկարաձգման վերաբերյալ Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ «հստակ չէ», թե որքան կտևի այն, բայց Իրանը կպաշտպանի այն մինչև իրենց դեմ «ռազմական հարձակում իրականացվի»։
Բացի այդ, Մաջիդ Թախտ-Ռավանչին եվրոպացի առաջնորդների աջակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին անվանել է «ծիծաղելի»։
«Եթե նրանք չունեն Ամերիկային քննադատելու համարձակություն, ապա պետք է լռեն և չփորձեն արդարացնել ագրեսիան», – ասել է Թախտ-Ռավանչին։
«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք ուզում ենք երկխոսություն և դիվանագիտություն վարել, բայց պետք է պատրաստ և զգույշ լինենք, որպեսզի կրկին անակնկալի չգանք», – BBC-ին ասել է Իրանի փոխարտգործնախարարը։