Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին հաղորդում են Ադրբեջանական լրատվամիջոցները և հրապարակում լուսանկարներ, որոնք պատկերում են Իրանի առաջնորդին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորելը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Իրանի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են 120 մարդ, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ, ինչպես նաև Իրանի չորս հյուսիսարևմտյան նահանգների նահանգապետեր։
Այցի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը և պլանավորել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցելություններ։ Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական կապերի զարգացմանը՝ Աղբենդ-Քալալա կամրջի բացման համատեքստում, որը կդառնա երկկողմ առևտրի կարևոր ենթակառուցվածքային տարր։
Ավելի վաղ Իրանի դեսպանատունը հայտարարել էր, որ այցի շրջանակներում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար ֆորում, և նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։