Իրանի նախագահը կայցելի Հայաստան և Բելառուս, կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Չինաստանում
Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքյանը առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Բելառուս, իսկ ամսվա վերջում կմասնակցի Չինաստանում անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Այս մասին տեղեկացնում է իրանական մամուլը։ Իրանի նախագահի քաղաքական խորհրդականի հայտարարությամբ՝ Ֆեզեշքյանը Հայաստան և Բելառուս կայցելի երկօրյա այցով՝ օգոստոսի 18-ին։ Այցի նպատակներից են երկկողմ հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ առևտրի ոլորտում։ Այցի ընթացքում կստորագրվեն որոշ փաստաթղթեր։
Նախագահի խորհրդականը նշել է, որ Ֆեզեշքյանի այցը Հայաստան և Բելառուս նախատեսված էր հունիսի վերջում, սակայն հետաձգվել է։
Ինչ վերաբերում է Չինաստան այցին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։