Իրանի նախագահ. Դրսից երկիր են բերել ահաբեկիչների, այրում են մզկիթներ, ԱՄՆ-ն և Իսրայելը հրամաններ են տալիս ժողովրդին, մենք պատրաստ ենք լսել մեր ժողովրդին
Իրանի նախագահ. Դրսից երկիր են բերել ահաբեկիչների, այրում են մզկիթներ, ԱՄՆ-ն և Իսրայելը հրամաններ են տալիս ժողովրդին, մենք պատրաստ ենք լսել մեր ժողովրդին

Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը հայտարարել է, որ օտարերկրյա ուժերի հետ կապված «ահաբեկիչները» սպանում են մարդկանց, այրում մզկիթներ և հարձակվում հանրային սեփականության վրա։

Մասուդ Ֆեզեշկիանի խոսքով՝ Իրանի թշնամիները փորձում են քաոս և անկարգություններ սերմանել։

«Դրսից երկիր են բերել ահաբեկիչների, այրում են մզկիթներ։ Եթե այս երկրին պատկանող մեկը բողոքում է ինչ-որ բանի դեմ, մենք լսում ենք այս բողոքի ակցիան և լուծում այն», – ասել է Ֆեզեշկիանը։

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են լսել իրենց ժողովրդին։

«Մենք վճռական ենք ցանկացած միջոցով լուծել տնտեսական խնդիրները», – լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահը։

Բացի այդ, Մասուդ Ֆեզեշկիանը անկարգությունների համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին։

«Միացյալ Նահանգները և Իսրայելը հրամաններ են տալիս մարդկանց և ասում. «Գնացե՛ք, մենք ձեզ ենք աջակցում»։ Նույն մարդիկ, ովքեր հարվածեցին այս երկրին և սպանեցին մեր երիտասարդներին, մեր երեխաներին։ Ես խնդրում եմ ընտանիքներին, որ ձեր փոքր երեխաները չմիանան անկարգություններին և ահաբեկիչներին», – ասել է Իրանի նախագահը։