Իրանի արտգործնախարարը. Եթե Դոնալդ Թրամփը ցանկանում է հասնել համաձայնության, նա պետք է հրաժարվի մեծագույն այաթոլլա Խամենեիի նկատմամբ անհարգալից և անընդունելի տոնից
Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխել իր տոնայնությունը Իրանի նկատմամբ, եթե իրականում ցանկանում է համաձայնության հասնել։ Այս մասին Աբաս Արաղչին գրել է սոցիալական ցանցում։
Արաղչին Թրամփի խոսելաոճը անվանել է անհարգալից և նշել, որ իրանցի ժողովուրդը չի ընդունում սպառնալիքներ և նվաստացումներ։
«Եթե նախագահ Թրամփն իսկապես ցանկանում է համաձայնության հասնել, նա պետք է հրաժարվի Իրանի գերագույն առաջնորդի՝ մեծագույն այաթոլլա Խամենեիի նկատմամբ անհարգալից և անընդունելի տոնայնությունից և դադարեցնի ցավ պատճառելը նրա միլիոնավոր անկեղծ հետևորդներին», – նշել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Ինչպես նշել է Արաղչին, իրանցիների համբերատարությունն ու տոկունությունը հստակ արտահայտված է նրանց գորգերում, որոնք ստեղծվում են բազմաթիվ ժամերի աշխատանքով և համբերությամբ։
«Իրանցիների տոկունությունը հստակ արտահայտված է մեր հիասքանչ գորգերում, որոնք ստեղծվել են անհամար ժամերի աշխատանքի և համբերության արդյունքում։ Սակայն որպես ժողովուրդ՝ մեր հիմնական նախապայմանը շատ պարզ և ուղիղ է. մենք գիտենք մեր արժեքը, գնահատում ենք մեր անկախությունը և երբեք չենք թույլատրի ուրիշին որոշել մեր ճակատագիրը։ Մեծն ու հզոր իրանցի ժողովուրդը աշխարհին ցույց տվեց, որ Իսրայելի ռեժիմը չուներ այլ ընտրություն և ստիպված էր փախչել իր «հայրիկի» մոտ՝ խուսափելու մեր հրթիռներից։ Եթե պատրանքները մեզ մղեն ավելի մեծ սխալների, Իրանը չի հապաղի բացահայտել իր իրական հնարավորությունները, ինչը անպայման վերջ կտա Իրանի ուժի վերաբերյալ բոլոր պատրանքներին», – գրել է Արաղչին։