Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները չեն վերացնում Թեհրանի՝ Իսրայելին պատասխան տալու իրավունքը   
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները չեն վերացնում Թեհրանի՝ Իսրայելին պատասխան տալու իրավունքը  

 

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված խորհրդակցությունները չեն վերացնում Իրանի իրավունքը՝ արձագանքելու Թեհրանում ՀԱՄԱՍ֊ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը։

 

«Այդ հարցը ոչ մի կապ չունի ագրեսորին պատասխանելու Իրանի օրինական իրավունքի հետ»,- ասել է նա իրանական Ֆարս գործակալության հետ զրույցում։

 

Քանաանիի խոսքով՝ Իրանի իշխանությունները դաշնակիցներին հավաստիացրել են, որ Թեհրանը չի փորձում սրել լարվածությունը տարածաշրջանում և աջակցում է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ հաստատելու համատեղ բարեխիղճ ջանքերին։

 

«Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք Իրանի իրավունքը՝ պաշտպանելու իր իրավունքները և պատժելու ագրեսորին», – ասել է Քանաանին։

 

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «ոչ ոք չի կասկածում Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության վրա»։

 

«Վերջին ամիսներին Իրանը եղել է այն երկրներից մեկը, որն ազնվորեն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները՝ վերջ դնելու այս դաժան կոտորածին»,- ասել է Քանաանին։

 

Թեհրանում ասում են, որ «գնդակը ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշտում է»։

 

Տեղեկության համար նշենք, որ օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է խորհրդակցությունների նոր փուլը՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելուն։