Իրակլի Փավլենիշվիլի. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների, խոսքի ազատության և մարդկային կյանքեր փրկելու համար ցանկացած գումար ծախսելը ընդունելի է
«Ընդունելի է ծախսել ցանկացած գումար, երբ խոսքը քաղաքացիական քաղաքական իրավունքների, խոսքի ազատության, մարդու կյանքի փրկության մասին է», – այս մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իրակլի Փավլենիշվիլին։
Նրա խոսքով՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ իրականացվել է ևս մեկ ռեպրեսիվ քայլ։
«Հասարակական կազմակերպությունների կողմից երբեք չի ֆինանսավորվել բռնությունը։ Սա կարող ենք հստակ ասել։ Ընդունելի է ցանկացած ծախս, երբ խոսքը քաղաքացիական քաղաքական իրավունքների, խոսքի ազատության, մարդու առողջության և կյանքի փրկության մասին է։ Եվ պարզվում է, որ բռնարար է նա, ով պաշտպանվում էր նման ճնշումներից», – նշել է Փավլենիշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունում ընթացող քննչական գործընթացի շրջանակում դատարանի որոշմամբ սառեցվել են մի շարք հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվները։
Խոսքը վերաբերում է այնպիսի մեղադրանքներով քննվող գործին, ինչպիսիք են դավադրություն, ծանրացուցիչ հանգամանքներում դավադրության փորձ, օտարերկրյա կամ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպության համար թշնամական գործունեության աջակցության տրամադրում, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության ֆինանսավորում։
Մասնավորապես, սառեցվել են հետևյալ ՀԿ-ների հաշվեհամարները՝ «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ», «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն», «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ», «Ժողովրդավարության պաշտպաններ», «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն», «ՍԱՓԱՐԻ» և «Սոցիալական արդարության կենտրոն»։
Դատախազության հայտարարությամբ՝ նշված կազմակերպությունների գործունեությունը գերազանցել է իրենց կանոնադրական նպատակները, և ստացած միջոցների զգալի մասը ուղղվել է ապօրինի գործողությունների։
Հաշիվների սառեցման միջոցով, ըստ դատախազության, սահմանափակվել է ֆինանսների հետագա ոչ նպատակային օգտագործումը։