Իրակլի Նադարեիշվիլի. Թբիլիսիի և Անկարայի միջև ուղիղ չվերթները կնպաստեն ինչպես բիզնեսի և տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության զարգացմանը
Տնտեսության և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլու խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է երկրի ուղղակի կապերի զարգացման ուղղությամբ։
Նրա խոսքով, այդ ուղղությամբ օրինակ է Թբիլիսի-Անկարա-Թբիլիսի թռիչքների մեկնարկը։
«Թուրքիան Վրաստանի կարևորագույն առևտրային և տնտեսական գործընկերներից մեկն է։ Հետևաբար, Թբիլիսիից դեպի Անկարա և հակառակ ուղղությամբ ուղղակի չվերթները կնպաստեն ինչպես բիզնեսի և տնտեսության, այնպես էլ զբոսաշրջության զարգացմանը մեր երկրների միջև», – նշել է Իրակլի Նադարեիշվիլին։
Տնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա տվյալներով, Վրաստանի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցությամբ տեղափոխվել է ավելի քան մեկ միլիոն երկու հարյուր հազար ուղևոր, ինչը կազմել է Վրաստանի և հարևան երկրների միջև ընդհանուր ուղևորահոսքի 47%-ը։
«Ինչ վերաբերում է ընդհանուր վիճակագրությանը՝ 2025 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է ռեկորդային թվով՝ ավելի քան քսան հազար միջազգային և տեղական ավիաչվերթ։ Հունվար-հուլիս ամիսներին իրականացված ուղևորատար և բեռնատար թռիչքների քանակը 16%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի թռիչքների քանակը։ Այս պահին երկրի երեք միջազգային օդանավակայաններում թռիչքները իրականացվում են շաբաթական մոտ 745 հաճախականությամբ, իսկ ուղևորահոսքը աճել է 13%-ով», – ասված է նախարարության հաղորդագրությունում։
Նշենք, որ սեպտեմբերի վերջից Թուրքիայի ցածրարժեք ավիաընկերություն AJet-ը կիրականացնի կանոնավոր չվերթներ Թբիլիսիի և Անկարայի միջև՝ շաբաթական չորս հաճախականությամբ։