Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողականության նախարար Շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյանի հետ։
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագործակցության հուշագիր կստորագրվի զարգացման խոշորագույն ընկերություններից մեկի՝ EMAAR-ի հետ, որի շրջանակներում Վրաստանում կիրականացվի մի քանի միլիարդ դոլարի ներդրում։
Բացի այդ, նախատեսվում է հանդիպում Աբու Դաբիի պետական ներդրումային ընկերության և նրա լոգիստիկ ստորաբաժանման՝ Abu Dhabi Ports Group-ի հետ, որն ակտիվորեն մասնակցում է Միջին միջանցքի զարգացմանը։ Ընկերությունն իրականացնում է Թբիլիսիի չոր նավահանգիստ նախագիծը, որը կավարտվի 2025 թվականին։ Նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ընկերության հետ համագործակցությունը ռազմավարական, լոգիստիկ և տրանսպորտային ծրագրերում։
Վրաստանի վարչապետը Աբու Դաբի է մեկնել առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի հետ: