Իրակլի Կոբախիձեն մասնակցել է «Ստուդֆեստ 2026»-ի փակման արարողությանը
Իրակլի Կոբախիձեն մասնակցել է «Ստուդֆեստ 2026»-ի փակման արարողությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարար Գիվի Միքանաձեի հետ միասին, մասնակցել է «Ստուդֆեստ 2026»-ի փակման արարողությանը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է երիտասարդներին ուսանողական փառատոնի հաջող անցկացման կապակցությամբ։

«Ավելի քան 20 հազար ուսանող է ներգրավված եղել այս տարվա միջոցառումներում։ Այս տարի Ստուդֆեստն ընդգրկել է միջոցառումների առանձնահատուկ լայն շրջանակ։ Միայն վազքարշավին մասնակցել է ավելի քան 2000 մարդ։ Այս ամենը վկայում է շատ մեծ մոտիվացիայի և էնտուզիազմի մասին, ինչի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ձեզ։ Շնորհավորում եմ հաղթողներին։ Մեր պարտքն է նաև ապագայում աջակցել նման միջոցառումների անցկացմանը։ Կարող ենք խոստանալ, որ Ստուդֆեստը կանցկացվի ամեն տարի, և միջոցառումների ցանկն է՛լ ավելի կընդլայնվի»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը, Երիտասարդության գործակալությանը, մայրաքաղաքի քաղաքապետին ու քաղաքապետարանին, Ռուսթավիի քաղաքապետին և մունիցիպալիտետների ներկայացուցիչներին։

Երիտասարդներին «Ստուդֆեստ 2026»-ի հաջող անցկացման կապակցությամբ շնորհավորել են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն։ Նախարարը պարգևատրել է Ստուդֆեստի շրջանակներում անցկացված մրցույթների հաղթողներին։ «Ստուդֆեստ 2026»-ի հաղթողի մրցանակը հանձնվել է Վրաստանի տեխնիկական համալսարանին։

Փառատոնի փակման միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ և Ստուդֆեստի մասնակիցներ։