Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Թուրքիայում կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը տեղի կունենա ապրիլի 11-13-ը։Տեղեկությունն այս մասին տարածում է կառավարության վարչակազմը։
Վարչակազմի հաղորդմամբ, 2025 թվականի ֆորումի գլխավոր թեման է «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում», այն անցկացվում է չորրորդ անգամ։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում հավաքված համաշխարհային առաջնորդները, քաղաքական գործիչները, գիտնականները, բիզնեսի, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն ժամանակակից աշխարհում դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև դիվանագիտության դերն ու հիմնական սկզբունքները, հակամարտությունների լուծման գործիքները և միջնորդական ռազմավարությունները։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ միասին», – ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։