Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բուդապեշտ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անձնական հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հիմնական ուղղությունները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի ձևաչափի կարևորությանը՝ տարբեր ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը նպաստելու գործում։
Բացի այդ, ընդգծվել են Վրաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները և առևտրատնտեսական կապերի հետագա խորացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել հունգարացի գործընկերոջը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև երկրի եվրոպական ինտեգրման նկատմամբ նրա անսասան աջակցության համար։