Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին «Խաղաղության և վստահության միջազգային տարվա» նվիրված միջազգային ֆորումին մասնակցության համար։
«Կողմերը քննարկել են երկու երկրի միջև գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Շեշտվել է տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև Միջին միջանցքի միջոցով Կենտրոնական Ասիայից Վրաստանի նավահանգիստների ուղղությամբ լրացուցիչ բեռնափոխադրումների ներգրավման ներուժը։
Վարչապետը հայտնել է պատրաստակամություն՝ աջակցելու թուրքմենական գազի տեղափոխմանը Վրաստանի տարածքով։
Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականության աջակցության համար։ Կողմերը հայտնել են պատրաստակամություն՝ շարունակելու համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ Իրակլի Կոբախիձեն Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է պաշտոնական այցով Վրաստան», – նշված է Վրաստանի կառավարության հաղորդագրությունում։