Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում քննարկվելիք հարցեր։

«Ուշադրություն է դարձվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և խաղաղ գործընթացի առաջընթացին։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ խթանելու երկխոսությունը և նպաստելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը, ինչը կարևոր է երկրների հետագա զարգացման համար։

Կողմերն ընդգծել են նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունը տարբեր ձևաչափերով և սերտ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։

«Հանդիպման ընթացքում նշվել է, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը և այդ առումով առկա ներուժի լիարժեք օգտագործմանը»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հայ գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով Վրաստան։