Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

10:28, 24.09.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Կառավարության աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի և Միավորված ազգերի կազմակերպության միջև առկա բազմամյա արդյունավետ համագործակցությունը։

Զրույցը վերաբերել է միջազգային խաղաղության և անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին և բազմակողմ գործընկերության հատուկ նշանակությանը՝ տևական կայունություն և բարօրություն ապահովելու համար։

Ինչպես նշվել է հանդիպմանը, այն փաստը, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների հիմնական թեման հենց խաղաղությունը, անվտանգությունն ու կայուն զարգացումն են, վկայում է այս հարցի հատուկ արդիականության մասին։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա բարդ հումանիտար իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար և ընդգծել Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալի շրջանից/Հարավային Օսեթիից (Վրաստան) տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևի կարևորությունը։

Իրակլի Կոբախիձեն գրառում է կատարել ՄԱԿ-ի պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ