Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարարի հետ
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի արդարադատության նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, որը գտնվում է Թբիլիսիում՝ հայ-վրացական իրավական ֆորումի շրջանակում։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և բարիդրացիական հարաբերությունները։

«Քննարկվել է Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը տարբեր երկկողմ և միջազգային ձևաչափերում։ Շեշտվել է արդարադատության ոլորտում Վրաստանի և Հայաստանի արդյունավետ գործընկերությունը և այս ուղղությամբ փորձի փոխանակման կարևորությունը երկրների միջև։

Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման նշանակությունը։

Վրաստանի կառավարության վարչությունում կայացած հանդիպմանը մասնակցել են արդարադատության նախարար Պաատա Սալիան, կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն», – նշված է Վրաստանի կառավարության հաղորդագրությունում։