Իրակլի Կոբախիձեն հանդիպել է չինական խոշոր DBH Group հոլդինգային ընկերության ներկայացուցիչների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է չինական խոշոր հոլդինգի՝ DBH Group-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի ներդրումային հնարավորությունները և երկրում ստեղծված բարենպաստ բիզնես միջավայրը։ Զրույցը շոշափել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը և վերականգնվող էներգիայի զարգացումը, ինչպես նաև այս ոլորտում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Շեշտադրվել է Վրաստանի ռազմավարական դիրքը և Միջին միջանցքի դերը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող ուղի, որը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։
Նշվել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է խոշոր միջազգային ընկերությունների մուտքը և պատրաստ է աջակցել այն նախագծերի իրականացմանը, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան երկրի տնտեսական աճի համար։
DBH Group-ը ամենաազդեցիկ բիզնես խմբերից մեկն է, որը միավորում է 26 դուստր ձեռնարկություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, անշարժ գույքը, հանքարդյունաբերությունը, կենսատեխնոլոգիան և հյուրընկալությունը։
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։