Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողականության նախարար շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյանի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների հանդուրժողականության նախարար շեյխ Նահյան բին Մուբարաք Ալ Նահյանի հետ։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը կարևորվել է Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հաջող համագործակցությունը տարբեր ոլորտներում և առևտրատնտեսական և ներդրումային կապերի հետագա խորացման հեռանկարները։
«Ուշադրության կենտրոնում են եղել Վրաստանում բարենպաստ ներդրումային միջավայրը, բիզնեսին աջակցող պետական ծրագրերը, մասնավոր հատվածի մրցունակության խթանմանն ուղղված նախագծերը և արտահանման աճող ներուժը»։
Ընդգծվել է Թբիլիսիի չոր նավահանգիստ նախագծի կարևորությունը, որն իրականացվում է Աբու Դաբի նավահանգիստների խմբի ներդրումներով, և նշվել է դրա դերը Միջին միջանցքի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խոշորագույն EMAAR զարգացման ընկերության հետ բանակցությունների հաջող ավարտին, որի արդյունքում Վրաստանում կիրականացվեն զգալի ներդրումային ծրագրեր։
Հանդիպմանը քննարկվել է նաև զբոսաշրջության ոլորտում Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցությունը, որի զարգացմանը զգալիորեն նպաստել է առանց վիզայի ռեժիմի ներդրումը։ Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը»,- ասված է Վրաստանի կառավարության հաղորդագրության մեջ։