Իրակլի Կոբախիձե. Թբիլիսիի պետական և տեխնիկական համալսարանների միավորումը նպատակ ունի բարելավել կրթության որակը, հակառակորդների կողմից տարվող արշավը կառուցված է ստի վրա
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսիի պետական և տեխնիկական համալսարանների միավորումը շատ կարևոր նախաձեռնություն է, որը ապահովում է համակարգի օպտիմալացումը։
Նրա ասելով՝ այս ամբողջ գործընթացը ուղղված է երկրի կրթության որակի բարելավմանը։
«Ինչ վերաբերում է Թբիլիսիի պետական համալսարանի և տեխնիկական համալսարանի միավորմանը, մեր թիմի կողմից այդ մասին արված է հայտարարություն։ Հայտարարությամբ հանդես է եկել կրթության նախարարը։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը ընդհանուր առմամբ ապահովում է համակարգի օպտիմալացումը։ Ամենակարևորը՝ այս ամենը միտված է կրթության որակի բարելավմանը մեր երկրում։ Բոլորին հայտնի է, որ ժամանակին լսվում էին լուրջ դժգոհություններ կրթական համակարգի գործունեության վերաբերյալ։ Այդ թվում՝ ընդդիմադիրները հայտարարում էին, որ, օրինակ, մեր երիտասարդները հաճախ մեկնում են արտերկիր, քանի որ Վրաստանում բարձրագույն կրթության պատշաճ որակ ապահովված չէր։ Մենք հայտարարեցինք կրթական ռեֆորմի մասին, ու հանկարծ պարզվեց, որ Թբիլիսիի պետական համալսարանը կարծես թե «Հարվարդ» է, Վրաստանի տեխնիկական համալսարանը՝ «Քեմբրիջ», իսկ Իլիայի համալսարանը՝ «Օքսֆորդ»։ Իհարկե, ընդդիմության կողմից վարվող այս քարոզարշավը կրկին հիմնված է կեղծիքի վրա, և այս ամենը խոսում է նրանց սպեկուլյատիվ բնույթի մասին։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս երկու համալսարանների միավորմանը, եթե ուշադիր հետևեք քննարկումներին, կտեսնեք միայն ընդհանրական բնույթի հայտարարություններ՝ առանց որևէ կոնկրետ նշման, թե ինչ բացասական կողմեր կարող է ունենալ այս միավորումը։ Իսկ դրական կողմերը շատ են», – նշել է վարչապետը։