Իրակլի Կոբախիձե. Վրաստանը շահագրգռված է ներդրումների ներգրավման ոլորտում համագործակցության զարգացմամբ և ողջունում է ղազախ ներդրողներին
Վրաստանը շահագրգռված է ներդրումների ներգրավման ոլորտում համագործակցության զարգացմամբ և ողջունում է ղազախ ներդրողներին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ղազախական շուկան գրավիչ է վրաց արտահանողների համար։
«Վրաստանն ու Ղազախստանն ավանդաբար կապված են սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններով։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում ձեր աջակցության համար։
Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը բնութագրվում է աճի միտումներով։ Ղազախական շուկան գրավիչ է վրաց արտահանողների համար։ Մենք պատրաստ ենք խթանել վրացական ագրոպարենային ապրանքների արտահանումը Ղազախստան, ինչպես նաև խրախուսել ներդրումները ագրոպարենային ոլորտում։
Ղազախստանը Վրաստանի համար ռազմավարական և արագ զարգացող զբոսաշրջային շուկաներից մեկն է։ Ըստ այդմ՝ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակել համագործակցությունը ղազախական կողմի հետ զբոսաշրջության ոլորտում։
Մենք ունենք հիանալի ներդրումային միջավայր, ամենացածր հարկերից մեկը, ինչպես նաև մուտք դեպի խոշոր միջազգային շուկաներ: Վրաստանը շահագրգռված է ներդրումների ներգրավման ոլորտում համագործակցության զարգացմամբ և ողջունում է ղազախ ներդրողներին։ Ուրախալի է, որ ղազախական բիզնեսը հաջողությամբ զարգանում է Վրաստանում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։