Իրակլի Կոբախիձե. Պայմանագրի խզումը «Էնկայի» որոշումն է, Վրաստանի իշխանությունը կանի հնարավորը՝ էներգետիկայի ոլորտում ներդրումները շարունակելու համար

17:50, 22.09.2021

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ «Էնկայի» կողմից պայմանագրի խզումը ընկերության կողմից ձեռնարկված քայլ էր:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանի իշխանությունը կանի հնարավորը՝ էներգետիկայի ոլորտում ներդրումները շարունակելու համար:

«Դա ընկերության կողմից ձեռնարկված քայլ էր: Ընդհանուր առմամբ, դուք գիտեք, որ էներգետիկ անկախության ապահովումը մեր առաջնահերթություններից է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և անվտանգության առումով: Հետեւաբար, սա վատ ազդանշան է հետագա ներդրումների համար, սակայն Վրաստանի իշխանությունը կանի հնարավորը՝ ներդրումները շարունակելու համար, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Կառավարությունն ունի 10-ամյա գործողությունների ծրագիր, այդ թվում՝ էներգետիկ առումով, և նախատեսում է ներգրավել միլիարդավոր դոլարների ներդրումներ: Սա, իհարկե, ցավալի որոշում է, տխուր փաստ է, բայց ամեն ինչ կարվի երկրի էներգետիկ անկախությունն ապահովելու համար», – ասել է Կոբախիձեն:

«Էնկա Ռինիուեբլս» ընկերությունը, որը պետք է կառուցեր «Նամախվանի ՀԷԿ»-ը, խզում է Վրաստանի հետ պայմանագիրը: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:

«2019 թվականի ապրիլի 25-ին, մեր ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «ENKA Renewables»-ը, Վրաստանի հետ կնքեց երկար ժամանակ շարունակ ընթացող Նամախվանի կասկադի հիդրաէլեկտրակայանի նախագծի մշակման, կառուցման, կառավարման և շահագործման մասին համաձայնագիր: Ընկերությունը Վրաստանի պետությանը տեղեկացնում է պայմանագրի դադարեցման մասին, պայմանագիրը խախտելու և ֆորսմաժորի պատճառով», – ասված է ընկերության հայտարարության մեջ:

Նմանատիպ