Իրակլի Կոբախիձե. «Մոլդովան և Ուկրաինան Վրաստանին գերազանցում են միայն բացասական ցուցանիշներով, Աստված հեռու պահի, որ այս ամենում առաջ անցնենք նրանցից, մեր ուղին խաղաղության, տնտեսական զարգացման ուղին է»
Եթե Մոլդովան և Ուկրաինան որևէ հարցում գերազանցում են Վրաստանին, ապա միայն բացասական ցուցանիշներով․ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է Մարտա Կոսի հայտարարության առնչությամբ։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի ուղին խաղաղության և տնտեսական զարգացման ուղին է։
«Եթե Մոլդովան և Ուկրաինան որևէ հարցում գերազանցում են Վրաստանին, ապա միայն բացասական ցուցանիշներով: Աստված հեռու պահի, որ այս ամենում առաջ անցնենք Ուկրաինայից և Մոլդովայից: Մենք ունենք մեր ուղին, մեր ուղին խաղաղության ուղին է, տնտեսական զարգացման ուղին է, և մենք անպայման կշարունակենք այս ուղին»,- նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը վրացական լրատվամիջոցի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ «կցանկանար, որ Վրաստանը, վրաց ժողովրդի ահռելի աջակցությամբ, այսօր լիներ Մոլդովայի և Ուկրաինայի մակարդակին»։