Իրակլի Կոբախիձե. Միջին Ասիան Վրաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է, Թուրքմենստանը դիտարկում ենք որպես հուսալի գործընկեր և բարեկամ պետություն
Միջին Ասիան Վրաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Այս համատեքստում մենք Թուրքմենստանը դիտարկում ենք որպես հուսալի գործընկեր և բարեկամ պետություն, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ համատեղ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է Կոբախիձեն, երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, ինչը շատ ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության համար։
«Ուրախ եմ Վրաստանում հյուրընկալել Թուրքմենստանի նախագահ, Նորին Գերազանցություն պարոն Սերդար Բերդիմուհամեդովին։ Հատկանշական է, որ սա Թուրքմենստանի նախագահի երկրորդ պետական այցն է Վրաստան։ Առաջին նման այցը կայացել է 2015 թվականին, երբ մեր երկիր էր այցելել պարոն Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։
Վստահ եմ, որ պարոն նախագահի այցը կարևոր ներդրում կունենա վրաց-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման գործում։ Այսօր մենք ստորագրել ենք համատեղ հայտարարություն, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր ու փոխըմբռնման հուշագրեր. այս փաստաթղթերն էլ ավելի կամրապնդեն մեր երկրների միջև գոյություն ունեցող կապերը։
Պարոն նախագահի հետ առանձնազրույց ունենալու հնարավորություն ունեցա, որի շրջանակներում խոսեցինք վրաց-թուրքմենական հարաբերությունների հիմնական ուղղությունների մասին, ինչպես նաև քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։
Միջին Ասիան Վրաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Այս համատեքստում մենք Թուրքմենստանը դիտարկում ենք որպես հուսալի գործընկեր և մեր բարեկամ պետություն։ Մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, ինչը շատ ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության համար», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։